Կան մայրեր, որ շարունակ մանրամասն բացատրում են երեխաներին, թե ինչու են արգելում նրանց այս կամ այն բանը: Կարիք չկա շարունակաբար զգուշացնել երեխային հնարավոր վտանգներից: Դրանից մռայլ երևակայության հակում կառաջանա: Երկու տարեկան հասակում երեխան պետք է իմանա, թե ինչն է կարելի և ինչը չի կարելի` այս կամ այն գործն անելով ու հանդիպելով իր կատարած գործի արդյունքներին: Իհարկե կարելի է նախազգուշացում անել երեխային, բայց ոչ հաճախ: Անհրաժեշտ է հաշվի առնել նրա մտածողության մակարդակը: Ես հիշում եմ մի գերճշտապահ մայրիկի, որն համարում էր, թե երեխայի զբոսնելու ժամանակն է: Երեխային հագցնելու փոխարեն հա հարցնում էր. <Վերարկու կհագնե˚ս>: Երեխան պատասխանում է. <Ոչ>: <Մի˚թե չես ուզում զբոսնել: Չէ˚ որ քեզ հարկավոր է մաքուր օդ>: Երեխան ընտելացել է այդ բացատրություններին և ստիպում է, որ մայրը բացատրի: Նա հարցնում է. <Ինչու˚>, բայց ոչ նրա համար, որ իրոք ուզում է իմանալ: <Թարմ օդը քեզ կկազդուրի ու կուժեղացնի, որպեսզի չհիվանդանաս>: Երեխան նորից է հարցնում. <Ինչու˚>: Եվ այդպես ամբողջ օրը: Աննպատակ վեճերն ու բացատրություններն ավելի զիջող չեն դարձնում երեխային: Երեխան ավելի հանգիստ է, երբ մայրը վստահ է իր ուժերին և ինքնաբերաբար, բայց բարյացակամորեն ուղղություն է տալիս նրա ամենօրյա միջոցառումներին:
Կարիք չկա փոքր երեխային խոսքով համոզել: Պարզապես հեռու տարեք նրան, եթե պատրաստվում է որևէ արգելված բան անել և աշխատեք շեղել նրա ուշադրությունը: Եթե երեխան բացատրություն է պահանջում, բացատրեք պարզ ու հասկանալի լեզվով: Բայց կարծեք, թե միշտ պարտավոր եք բացատրել այն կարգադրությունները, որ անում եք երեխային: Հոգու խորքում նա գիտե, որ դեռ շատ փորձ չունի: Նա հուսով է, որ դուք կփրկեք նրան դժբախտություններից և ապահով է զգում իրեն, երբ ուղղություն եք տալիս նրան` պայմանով, որ դա արվի պատշաճ ձևով: