Հայաստանում ռոտավիրուսային պատվաստումը կներառվի պլանայինների շարքում

Հայաստանում հոկտեմբերի 1-ից մինչև 3 ամսական երեխաների՝ ռոտավիրուսի դեմ պատվաստումը կներառվի պլանային պատվաստումների շարքում։

Առողջապահության նախարարության պատասխանատուները խոստովանում են, որ նոր, պլանային պատվաստման ներդրման ծրագիրը նախատեսել էին իրականացնել շատ ավելի վաղ, սակայն հաշվի առնելով, որ առջևում խորհրդարանական ընտրություններ են, հետաձգել են՝ կանխարգելելու համար բոլոր հնարավոր շահարկումները:

Այս մասին երեկ ռոտավիրուսային հիվանդության և դրա դեմ պատվաստումների ներդրման վերաբերյալ իրազեկման դասընթացների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք առողջապահական ծրագրերը ևս քաղաքական ենթատեքստ չեն ունենում:

Հարցը ծագեց ներկայացված տվյալներից հետո, թե ինչպես Ուկրաինայում և Վրաստանում քաղաքական նկատառումներից ելնելով դադարեցվել էին կարմրուկ-կարմրախտ-խոզուկ (ԿԿԽ) պատվաստումների ազգային ծրագրերը, ինչից հետո այս երկրները կանգնել էին նշված հիվանդություններով համաճարակների ու բազմաթիվ մահերի խնդրի առաջ:

Ռոտավիրուսային պատվաստանյութերի ներդրման անհրաժեշտությունը պնդող ՀՀ ԱՆ-ը այս հարցում ակնկալում է առաջին հերթին լրատվամիջոցների աջակցությունը՝ ՀՀ բնակչությանը բացատրելու, որ սխալ է տարածված կարծիքը, որ պատվաստումները վնասակար են կամ հարուցում են բարդություններ:

Գայանե Սահակյանն ի պատասխան նշեց.« Եթե պատվաստումների դեպքում խոսքը նշված երևույթների մասին է՝ ջերմություն, թեթև այտուց, ապա հիվանդության դեպքում՝ հենց հիվանդության, որը սարսափելի է»:

Հիվանդության կլինիկական պատկերը բազմազան է. երեխայի մոտ անցողիկ, թեթև փորլուծությունից մինչև ծանր գաստրոէնտերիտ, որը հանգեցնում է արագ ջրազրկման, էլեկտրոլիտների հավասարակշռության խախտման, շոկի ու նույնիսկ՝ մահվան:

Զարգացած երկրներում, ըստ առողջապահության նախարարության պատասխանատուների, ՌՎ պատվաստանյութն ապահովում է, ընդհանուր առմամբ, 85 -95 տոկոսանոց արդյունավետություն, ինչը ապացուցվել է թե՛ զարգացած և թե՛ զարգացող երկրներում կատարված խոշոր կլինիկական փորձարկումների արդյունքում:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ գնահատմամբ՝ Հայաստանում, Ադրբեջանում,Վրաստանում, Մոլդովայում, Տաջիկստանում և Ուկրաինայում իրականացված դետքային համաճարակաբանական հսկողության տվյալներով՝ ռոտավիրուսով պայմանավորված հոսպիտալացումները կազմում են մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում փորլուծային հիվանդություններով հոսպիտալացման դեպքերի ընդհանուր թվի 37 տոկոսը»,- վիճակագրությունը ներկայացրեց Գայանե Սահակյանը:

Իսկ, աշխարհում ամեն տարի ՌՎ պատճառով մահանում է 527,000 հազար մարդ, և ավելի քան 2 միլիոն նորածին ու երեխա հոսպիտալացվում է:

Զարգացող երկրներում առաջին ՌՎ վարակը, որպես կանոն, ի հայտ է գալիս մինչև 6-9 տարեկան հասակում, իսկ դեպքերի 80 տոկոսը մինչև մեկ տարեկան երեխաներ են:

Պարզվել է նաև, որ գրեթե յուրաքանչյուր երեխա մինչև 3 տարեկանը վարակվում է ռոտավիրուսով ամենաքիչը մեկ անգամ:
Այս խիստ վարակիչ հիվանդությունը կոչվում է «կեղտոտ ձեռքերի» հիվանդություն, և վարակը երեխայի (նաև մեծահասակների) օրգանիզմ ներթափանցում է բերանի խոռոչով:

Այսպիսով, այս տարվա հոկտեմբերի մեկից ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բոլոր նորածինները մինչև վեց ամիսը լրանալը պետք է ստանան՝ ՌՎ պատվաստում։ Առաջին դեղաչափը՝ պետք է ստանան կյանքի 6-15 շաբաթների ընթացքում, իսկ պատվաստումներն ավարտված լինեն մինչև 32 շաբաթը լրանալը:

Այսինքն՝ առաջին դեղաչափն ընդունվում է 6 շաբաթականում, իսկ երկրորդը՝ 12։ Նշված տարիքային խմբի բոլոր երեխաները, ըստ պատվաստումների ազգային օրացույցի, պետք է ստանան այդ պատվաստանյութը։ Միակ հակացուցումը երեխայի մոտ ՌՎ պատվաստանյութից լուրջ ալերգիկ ռեակցիան է:

Ի դեպ, պարտադիր պատվաստումներ անցնում են նաև ՀՀ-ում հավատարմագրված արտասահմանյան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների երեխաները: Ինչի առիթով դասընթացներին ներկա ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Էմիլ Սահակյանը նշեց, որ վերջիններս մեր բժիշկներից պահանջում են պատվաստումներին մոտենալ այնպես, ինչպես արտերկրի է: Այսինքն՝ ուշադրություն չդարձնել, որ պատվաստման պահին երեխան մի փոքր վատառողջ է կամ ջերմում է:

Ամեն դեպքում, Իմունականխարգելման Ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ճշգրտեց, որ ՀՀ ԱՆ-ը այդ ախտանիշները դեռևս դիտում է որպես պատվաստման հակացուցում այդ պահին:

Ի պատասխան լրագրողների հարցին, թե շատ հաճախ հենց բուժաշխատողներն իրենք են հրաժարվում պատվաստումներից, դասընթացներին ներկա ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը հայտարարեց, որ այս մտածողությունը գալիս է խորհրդային ժամանակներից:

«Այն ժամանակ ոնց էր՝ Մոսկվայից հրահանգ էր գալիս, որ այսինչ բանը պետք է արվի: Այն ժամանակ, համացանց չկար, գիտելիքներ ու տեղեկատվություն, ու ես, այո՛, չէի վստահում պատվաստումներին»,- ասաց նա՝ նշելով սակայն, որ իր բոլոր թոռնիկները ստացել են ՀՀ-ում պլանային բոլոր պատվաստումները, իսկ վերջին թոռնիկն էլ մոտ ապագայում կստանա ՌՎ-ն:

Ինչ վերաբերում է Գայանե Սահակյանին, ապա նա ասաց,որ ԿԿԽ- ի մասին բնակչության շրջանում տարաբնույթ մեկնաբանություններին, խոսակցություններին վերջն դնելու համար իր երեխաներին պատվաստել է հրապարակային:

Աղբյուր՝  http://tert.am/

Հարց մեր մասնագետներին
Վերջին պատասխանը
Փոքրիկս 6 ամսական է , սկսել եմ տալ հավելյալ սնունդ ,բայց լավ չի ուտում , հենց գդալը մոտեցնում եմ բերանը փակում է : Ինչ խորհուրդ կտաք...
Մինչև մեկ տարեկանը երեխան աստիճանաբար պետք է սովորի հավելյալ սննդին, որոշ երեխաներ ունենում են դժվարություններ: Դուք չպետք է հիասթափվեք,փորձեք տարբեր շիլաներ, բանջարեղենային խյուսեր:Հնարավոր է Ձեր բալիկի մոտ բացասական վերաբերմունք է ձևավորվել նրա կամքին հակառակ կերակրելու պատճառով: Փորձեք երեխային կերակրել ընդհանուր սեղանի շուրջ, ընտանիքի անդամների հետ միասին, ակտիվորեն զբաղեցնելով և խաղացնելով նրան: Սյուզաննա Մխիթարյան
Baby Care Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright BabyCare - Երեխայի խնամք
Կապ ©2017