Կրծքի կաթը բավարարում է փոքրիկին

Շատ կանայք կասկածում են, որ միայն իրենց կրծքի կաթը կարող է կշտացնել փոքրիկին: Սովորաբար մայրերը սկսում են անհանգստանալ, երբ երեխան լալիս է, ուզում է հաճախ ծծել կամ հրաժարվում է կրծքից: Մայրերի ճնշող մեծամասնությունը, կրծքով ըստ պահանջի փոքրիկին կերակրելու դեպքում կարող է բավարար քանակությամբ կաթ ունենալ` ավելի քան 4-6 ամիս երեխային բացառապես կրծքով կերակրելու համար:

Պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները`

  • Կրծքի չափերը կերակրելու համար ոչ մի էական նշանակություն չունեն: Դրանք պայմանավորված են ոչ այնքան գեղձային, որքան ճարպային հյուսվածքի քանակով:
  • Երբ կրծքերը դառնում են ավելի փափուկ, դա չի նշանակում, որ կաթ չի արտադրվում: Կաթնարտադրությունը սկսվելուն զուգընթաց կրծքագեղձի հավելուրդային անոթավորումը նվազում է:
  • Եթե կաթը չի հոսում, երբ երեխան ճիշտ է ծծում, նշանակում է արգելակված է կաթնամղման ռեֆլեքսը:

Պարզելու համար երեխան բավարար քանակով կաթ ստանում է, թե ոչ, պետք է ուշադրություն դարձնել`

  • Փոքրիկը աշխույժ է,
  • Կրծքով սնվում է ըստ պահանջի և ամենաքիչը 6 անգամ օրվա ընթացքում,
  • ճիշտ դիրքով ծծում,
  • երեխայի կղանքը փափուկ է և դեղին,
  • կրծքով սնվող երեխան միզում է օրը 6 անգամ կամ ավելի հաճախ, և մեզը անգույն է կամ բաց դեղնավուն: Սա միայն այն դեպքում, երբ մայրը երեխային այլ ջուր կամ այլ հեղուկներ չի տալիս,
  • երեխայի քաշը աճում է բավարար տեմպերով (առնվազն 500 գրամ ամսվա ընթացքում):

Քաշի ավելացումը առաջընթացի գնահատման միայն մի մասն է: Ամեն մի երեխա աճում են անհատական տեմպերով: Առողջ երեխան կյանքի 6 ամսվա ընթացքում յուրաքանչյուր ամիս պետք է ավելանա առնվազն 0.5 -1 կգ. կամ շաբաթն առնվազն 125 գրամով:

Հարց մեր մասնագետներին
Վերջին պատասխանը
Փոքրիկս 6 ամսական է , սկսել եմ տալ հավելյալ սնունդ ,բայց լավ չի ուտում , հենց գդալը մոտեցնում եմ բերանը փակում է : Ինչ խորհուրդ կտաք...
Մինչև մեկ տարեկանը երեխան աստիճանաբար պետք է սովորի հավելյալ սննդին, որոշ երեխաներ ունենում են դժվարություններ: Դուք չպետք է հիասթափվեք,փորձեք տարբեր շիլաներ, բանջարեղենային խյուսեր:Հնարավոր է Ձեր բալիկի մոտ բացասական վերաբերմունք է ձևավորվել նրա կամքին հակառակ կերակրելու պատճառով: Փորձեք երեխային կերակրել ընդհանուր սեղանի շուրջ, ընտանիքի անդամների հետ միասին, ակտիվորեն զբաղեցնելով և խաղացնելով նրան: Սյուզաննա Մխիթարյան
Baby Care Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright BabyCare - Երեխայի խնամք
Կապ ©2014