Ինչպես Կթել Կրծքի Կաթը

Ինչու է անհրաժեշտ կթել կրծքի կաթը: Կաթը կթում են ձեռքով կամ արտածծող գործիքների օգնությամբ, երբ երեխան չի կարող կամ չի ուզում կուրծք ծծել: Անհաս երեխան հիմնականում չափազանց թույլ են լինել և չեն կարողանում ծծել: Նման դեպքերում անհրաժեշտ է կրծքի կաթը կթել և երեխային կերակրել գդալի օգնությամբ:

Եթե ուզում եք ավելացնել կրծքի կաթը կամ պահպանել կաթնագեղձերի բնականոն գործունեությունը, անհրաժեշտ է կանոնավոր կերպով դատարկել կուրծքը: Փոքրիկին կրծքից կտրելիս նույնպես անհրաժեշտ է մասամբ կթել կաթը, որպեսզի կուրծքը չայտուցվի:

Թե ինչպես պետք է կաթը ձեռքով կթել, լավ կլինի հարցնել ծննդատանը: Տուն վերադառնալուց հետո դա կարող է սովորեցնել նաև երեխային այցելող բուժքույրը: Կարելի է նաև ինքնուրույն սովորել, բայց դրա համար ավելի շատ ժամանակ կպահանջվի: Ամեն դեպքում, մի վշտացեք, եթե սկզբում ոչինչ չստացվի: Մի քանի գործնական փորձերից հետո դուք բավական կհմտանաք:

Եթե կաթը կթում եք երեխային ավելի ուշ կերակրելու համար, բաժակը նախօրոք լվացեք տաք օճառաջրով և չորացրեք մաքուր սրբիչով: Կուրծքը դատարկելուց հետո կաթը գդալով տվեք ձեր մանկանը: Եթե ստիպված եք այդ կաթը մի քանի ժամ պահել, ապա կթելուց հետո անմիջապես դրեք սառնարան` փակ ամանով (ապակյա): Կերակրելուց առաջ կաթը հարկ կլինի մի քիչ տաքացնել` գոլ ջրի մեջ դնելով: Կթած կաթը երբեք չպետք է եռացնել, որպեսզի նրա պաշտպանական հատկությունները պահպանվեն: Կթած կաթը սառնարանում կարելի է պահել մինչև 2 օր:

Կթելուց առաջ օճառով լվացեք ձեր ձեռքերը: Այնուհետև բթամատն ու ցուցամատը դրեք պտուկամերձ շրջանի արտաքին սահմանի վրա և համաչափ շարժումներով սեղմեք մատները դեպի կրծքավանդակի պատը (հետ) և ապա` մատները մոտեցրեք իրար: Նույն գործողությունը համաչափ կրկնեք: Շարժումները պետք է լինեն զգույշ, որ ցավ չպատճառեն: Մատները չպետք է սահեն մաշկի վրայով: Պտուկին ընդհանրապես պետք չէ մատներով դիպչել: Աստիճանաբար մատները տեղափոխեք ժամացույցի սլաքի ուղղությամբ, որպեսզի կուրծքն ամբողջությամբ դատարկվի:

Հարց մեր մասնագետներին
Վերջին պատասխանը
Փոքրիկս 6 ամսական է , սկսել եմ տալ հավելյալ սնունդ ,բայց լավ չի ուտում , հենց գդալը մոտեցնում եմ բերանը փակում է : Ինչ խորհուրդ կտաք...
Մինչև մեկ տարեկանը երեխան աստիճանաբար պետք է սովորի հավելյալ սննդին, որոշ երեխաներ ունենում են դժվարություններ: Դուք չպետք է հիասթափվեք,փորձեք տարբեր շիլաներ, բանջարեղենային խյուսեր:Հնարավոր է Ձեր բալիկի մոտ բացասական վերաբերմունք է ձևավորվել նրա կամքին հակառակ կերակրելու պատճառով: Փորձեք երեխային կերակրել ընդհանուր սեղանի շուրջ, ընտանիքի անդամների հետ միասին, ակտիվորեն զբաղեցնելով և խաղացնելով նրան: Սյուզաննա Մխիթարյան
Baby Care Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright BabyCare - Երեխայի խնամք
Կապ ©2014